Հայ ժողովրդական «Քելեր ցոլեր» երգն է: Մշակումը` Կոմիտասի: Կատարում է Երևանի կամերային երգչախումբը: Խմբավար` Հարություն Թոփիկյան:
Կոմիտասյան երկերի իր հատորներից մեկում Ռոբերտ Աթայանը նշում է, որ այստեղ իրականում ժողովրդական երկու երգ է, որոնք կոչվում են «Քելեր, ցոլեր» և «Սարի սովոր», և, ինչպես մի շարք այլ ստեղծագործություններում, այստեղ էլ Կոմիտասը դրանք միացրել է նուրբ ընտրությամբ: Կոմիտասն այս երգը մշակել է թե՛ որպես մեներգ ՝ դաշնամուրի նվագակցությամբ, թե՛ որպես խմբերգ:
Երգում առաջին դեմքից խոսում է աղջիկը, գովելով իր սիրած տղային, որ արևի տակ քայլում է ցոլալով: Ապա հաջորդում են միացված մյուս երգի տողերը, որտեղ աղջիկը հայտնում է, որ իր սիրած տղան շեկ է, սարին սովոր ու մեն մենավոր: Կարելի է ենթադրել, որ տղան էլ աղջկան է սիրում, բայց դեռ իրար չեն խոստովանել միմյանց զգացմունքները և հիմա տղան աղջկա սիրուց ընկել է սար ու ձոր ու միայնակ թափառում է՝ գերի իր սիրտը մաշող կարոտին: Եւ աղջիկը կանչում է տղային իր մոտ՝ նրան անվանելով արեգակի շող, և, կարծես լրացնելով Քելեր, ցոլեր երգի միտքը, որ տղան ցոլում էր արևի տակ, ասում է թող արևը, այսինքն նրա տակ շողալը, ցոլելը և եկ:
Մյուս հատվածում աղջիկը գովում է տղայի աչքերը և դիմում նրան՝ ասելով. ամբողջ օրը հունձ անելուց շատ ես հոգնել, հիմա հով է, քնիր հանգստացիր: Հետո աղջիկը հայտնում է, որ տղան ցոլալով քայլում է աղբյուրի ակին, կարծես ասել ուզելով, որ իր սիրելին ուր էլ գնա, ամեն տեղ շողարձակում է: Եւ նորից կանչում է նրան, ասում է՝ ծանոթ առվի հունով, բաղի միջով արի:
Վերջում ասում է, որ տղան, հունձ անելուց հետո քրտինք դառած, գերանդին ուսին դրած քայլում է և նորից նրան կանչում է հանդիպելու հով ծառի տակ: Տպավորություն է, որ աղջիկն ամբողջ օրը թաքուն հետևել է տղային, իր հիշողության մեջ ամուր պահելով օրվա բոլոր ժամերին ունեցած նրա կերպարանքը՝ մերթ արևի տակ շեկ մազերը ցոլացնելով քայլելը, մերթ էլ՝ հունձքից հետո հոգնած ու քրտնած:
Armenian folk song “Qeler tsoler” (I’m bringing a bread to the plow). Processed by Komitas. Performs Yerevan chamber choir. Conductor Haroutyoun Topikian.
Երգի խոսքերը`

Քելեր, ցոլեր` իմ յարը
Արևի տակին
Քելեր, ցոլեր` իմ յարը:
Սարի սովոր, մեն մենավոր, շեկ տըղա,
Շող արեգակ, թող արեգակ,
Եկ տըղա:

Քելեր, ցոլեր` իմ յարը,
Ջան աչքի լուսին,
Քելեր, ցոլեր` իմ յարը:
Հով է, քընիր, զով է, քնիր,
Եկ տըղա:
Հունձ ես արել, շատ բեզարել,
Շեկ տըղա:

Քելեր, ցոլեր` իմ յարը,
Աղբյուրի ակին
Քելեր, ցոլեր` իմ յարը:
Կանաչ առվով, ճանաչ առվով
Եկ տըղա:
Բաղովն արի, շաղովն արի
Շեկ տըղա:

Քելեր, ցոլեր` իմ յարը,
Գերանդին ուսին
Քելեր, ցոլեր` իմ յարը:
Հով ծառի տակ, զով ծառի տակ
Եկ տըղա:
Հունձ ես արել, քըրտինք դառել,
Շեկ տըղա:

1 COMMENT

  1. Վերջապէս մի գեղեցիկ կատարում… :))))) թէ չէ էն մենակատարները էնպէս էին երգում ոնց որ սգոյ երգ լինէր :((

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here